Ներսես Շնորհալու մասին

1100(?) — 1173

ՇՆՈՐՀԱԼԻ, Ներսես Դ Կլայեցի, Երգեցող (մոտ 1100, Ծովք դղյակ, Ծոփաց նահանգի Անձիտ գավառ —13.8.1173, Հռոմկլա), հայ բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ-երգահան, քաղ. գործիչ: Հայոց կաթողիկոս 1166-ից: Հաջորդել է Գրիգոր Գ Պահլավունուն՝ իր ավագ եղբորը: Իշխան Ապիրատ Պահլավունու որդին է, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը: Հիմնավոր կրթություն է ստացել Քեսունի մոտ գտնվող Կարմիր վանքի դպրոցում՝ աշակերտելով Ստեփանոս Մանուկ եպիսկոպոսին: Մինչև կաթողիկոս ձեռնադրվելը եղել է Գրիգոր Գ Պահլավունու օգնականն ու խորհրդատուն: 1116-ից ապրել և ստեղծագործել է Կոմմագենեի Տլուք գավառի Ծովք դղյակում, 1150-ից՝ Հռոմկլայում: Ն. Շ-ու համոզմամբ, ազգային կենտրոնացված պետականության բացակայության պայմաններում հայ եկեղեցին այն միակ հաստատությունն էր, որ պետք է համախմբեր ժողովրդին և կազմակերպեր նրա ինքնուրույն գոյատևումը: Հակադրվելով քրիստոնեական եկեղեցիների միության բյուզ. ըմբռնմանը, ըստ որի այդ միավորումը պետք է տեղի ունենար բյուզ. եկեղեցու հովանու տակ, Ն. Շ. գտնում էր, որ դա պետք է իրագործել ոչ թե նրանցից որևէ մեկի գերիշխանությամբ, այլ յուրաքանչյուրի ընդունելի գծերը պահպանելու, տարաձայնությունները փոխադարձ զիջումներով հարթելու և համերաշխության ճանապարհով:

0 comments on “Ներսես Շնորհալու մասինAdd yours →

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով